воскресенье, 14 апреля 2013 г.

Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական), բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզումԵրևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը 3626 հա է։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերի 7-ին։ Բնակչության մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Ըստ 2001 թվականին անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների քաղաքում մշտական բնակչության թիվը 2001 թվականին կազմում էր 150 հազար մարդ, իսկ առկա բնակչությանը թվաքանակը 146 հազար է։



 Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 116 կմ է:
Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):
Գյումրին հնագույն բնակավայր է: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ 774 թ-ին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում: 
1804 թ-ին Գյումրին գրավել են ռուսները: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի և Ադրիանապոլսի պայմանագրի (1829 թ.) կնքումից հետո՝ 1829–30 թթ-ին, Կարսից, Կարինից գաղթած զգալի թվով հայեր բնակություն են հաստատել Գյումրիում և նրա մերձակայքում: 1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ: 1849 թ-ին դարձել է նորաստեղծ Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը: Հիմնվել են նաև ռազմական ամրություններ, զինվորական ավաններ (Սևերսկի, Պոլիգոններ, Կազաչի պոստ): 1899 թ-ին` երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն: 
Քաղաքը հայտնի էր իր աշուղներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ) ու եկեղեցիներով (նշանավոր էին Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն), գործում էին օրիորդաց գիմնազիան, առևտրական ուսումնարանը, ծխական ու մասնավոր դպրոցներ, 2 տպարան, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, կազմակերպվում էին թատերական ներկայացումներ:
1880 թ-ին Գյումրիում ելույթներ է ունեցել Պետրոս Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Սաֆրազյան ամուսինները, Արամ Վրույրը, Զաբելը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և ուրիշներ: Նոր թատրոնի ստեղծմանը նպաստել են Հովհաննես Զարիֆյանը, Օվի Սևումյանը, Մանվել Մանվելյանը, Արմեն Արմենյանը և ուրիշներ: Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արշակ Բրուտյանի, Արմեն Տիգրանյանի ջանքերով քաղաքում ստեղծվել են երգչախմբեր:
Գյումրիում է ծավալվել Նիկողայոս Տիգրանյանի` ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից մեկի գործունեությունը (ժողովրդական երգերի ու պարերի դաշնամուրային առաջին մշակումներ և այլն):
1912 թ-ին սիրողական խմբի ուժերով բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 1920-ական թվականներին համերգներ են ունեցել ականավոր կատարողներ՝ ջութակահար Հովհաննես Նալբանդյանը, երգիչ Տիգրան Նալբանդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը և ուրիշներ:
1920 թ-ի դեկտեմբերի 2-ին այստեղ կնքվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ:
1925 թ-ին Ալեքսանդր Թամանյանը նախագծել է քաղաքի գլխավոր հատակագիծը, սակայն 1926 թ-ի երկրաշարժը խաթարել է քաղաքի զարգացման ընթացքը:
Խորհրդային տարիներին Գյումրիում ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն (տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, փայտամշակման և այլն), գործում էին կրթական ու մշակութային բազմաթիվ հաստատություններ:
 1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից Գյումրին խիստ տուժել է. զոհվել և խեղվել է մի քանի տասնյակ հազար մարդ, ավերվել են 1960-ական թվականներից հետո կառուցված շենքերի հիմնական մասը` մոտ 2 մլն մ2 բնակելի ֆոնդ, ծառայողական շենքերի և արդյունաբերական համալիրների ավելի քան 80 %-ը:
Քաղաքը դեռևս վերականգնվում է: Ներկայումս Գյումրիում գործում են թեթև, մեքենաշինական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան: Կրթական հաստատություններից են Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը, թեթև արդյունաբերության, երկաթուղային տրանսպորտի, շինարարական և այլ քոլեջներ, Կարա-Մուրզայի անվան երաժշտական, նաև բժշկական, մանկավարժական, գեղարվեստի և այլ ուսումնարաններ, Գեղարվեստի ակադեմիան: Մշակույթի օջախներից են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, կինոթատրոններ, տիկնիկային թատրոնը, գավառագիտական թանգարանը, պատկերասրահը, ստեղծվել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը, կան բազմաթիվ հուշարձաններ (Ստեփան Շահումյանի, Անդրանիկի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Շառլ Ազնավուրի, Մհեր Մկրտչյանի, «Մայր Հայաստան» և այլն), տուն-թանգարաններ (Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի, Սերգեյ Մերկուրովի և այլն): Գործում են ռադիո- և հեռուստատեսային («Շանթ», «Ցայգ» և այլն) ստուդիաներ, հեռուստածրագրերի վերահաղորդման կայան: Գյումրիում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, կոնստրուկտորական բյուրոներ և ճարտարապետական արվեստանոցներ, մարզային ու քաղաքային կառավարման մարմինները՝ մարզպետարանը, քաղաքապետարանը, վարչատնտեսական հաստատություններ և այլ ծառայություններ:
Գյումրիում են Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին («Յոթ վերք») եկեղեցին, 1988 թ-ի երկրաշարժից ավերված բազմաթիվ այլ եկեղեցիներ՝ Սբ Ամենափրկիչ, Սբ Նշան, Սբ Գևորգ և այլն:

0 коммент.:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.