суббота, 20 апреля 2013 г.


Մհեր Մկրտչյանի անվան տուն թանգարան

Մհեր Մկրտչյանի անվան տուն թանգարան

Գյումրին Հայաստանի այն զարմանահրաշ վայրերից մեկն է, որը ծնունդ է տվել բազմաթիվ գրողների, արվեստագետների, դերասանների, քանդակագործների, երաժիշտների: Այստեղ է ծնվել նաև միջազգային դերասանի համբավ ունեցող Մհեր Մկրտչյանը:



2006 թ. դեկտեմբերի 22 Գյումրի քաղաքի համար հիշարժան օր էր, քանի որ այդ օրը պաշտոնապես այնտեղ բացվել է Մհեր Մկրտչյանի անվան տուն-թանգարանը, որը գտնվում է Գյումրիի Վարպետաց և Ռուսթավելի փողոցների հատման կետում, բավական մոտ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրաժի տուն-թանգարաններին:
Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Թանգարանը ունեցել է բազմաթիվ այցելուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ օտար երկրներից` Եգիպտոսից, Սիրիայից, ֆրանսիայից:
Թանգարանում զետեղված են վաստակաշատ դերասանի կյանքի և աշխատանքի բազմաթիվ նկարները: Այստեղ կարող ենք զգալ Մհեր Մկրտչյանի կենդանի շունչը:
Մհեր Մկրտչյանը նշանավոր հայ դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։ Նա հանրահայտ դարձավ 1953 թ.-ից, երբ սկսեց աշխատել Երևանի Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Կինոմատոգրաֆիայի կյանքում նա սկսում է աշխատել 1955 թ.-ից:
1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը կյանքի վերջին օրերը անցկացրել է մենակության ու խոր վշտի մեջ: Նա շատ էր տանջվում եկրաշարժի հետևանքով իր հայրենի ավերված քաղաքի համար, կորցրել էր աղջկան, տղան ու կինն էլ տառապում էին անբուժելի հոգեկան հիվանդությամբ: Ու այս բոլորի ցավերը տանելի դարձնելու համար նա իրեն տվեց խմելուն, որպեսզի չզգար իր վշտի խորությունը:
Վերջերս` 2007 թ., թանգարանում տեղի ունեցավ դերասանի թոռնուհու` Իռեն Տերտերյանի կողմից, թանգարանին մոտ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը:
Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 10-17, բացառությամբ երկուշաբթի օրվանից:

0 коммент.:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.