понедельник, 15 апреля 2013 г.


Մ.թ.ա. 520 թ. Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ը կախման մեջ գցեց Երվանդունիների թագավորությունը, որի տարածքը բաժանվեց 2 վարչամիավորների՝ սատրապությունների։ Կումայրին, Շիրակի մյուս մասերն ընդգրկվեցին 8-րդ սատրապության կազմում, որտեղով անցնում էր Դարեհի կառուցած Շոշ քաղաքից մինչև Փոքր Ասիայի Սարդես քաղաք հասնող "արքայական ճանապարհը"։
Այն Հայաստանը կապում էր Պարսկաստանի, Միջագետքի ու փոքրասիական երկրների հետ և խորապես նպաստում նրա տնտեսության և մշակույթի զարգացմանը։ Կումայրին, դեպի Արմավիր ձգվող երթուղու միջոցով կապված էր այդ ճանապարհին։
Ամենայն հավանականությամբ, Կումայրի տանող ճանապարհով մ.թ.ա. 401 թ. անցել է նաև Քսենոփոնի գլխավորած 10 հազարանոց զորքը՝ շարժվելով Արարատյան դաշտից դեպի Շիրակ, ապա Տայք՝ խալյուբների երկիր։ Այդտեղից հասել են "սկյութենների" երկիր, որի միջով 20 փարսախ (մոտ 120 կմ) ճանապարհ են անցել՝ "հարթավայր տեղով դեպի գյուղերը, որոնցում, - գրում է Քսենոփոնը, - մնացին երեք օր և պարենավորվեցին։ Այստեղից նրանք անցան չորս կայան՝ 20 փարսախ, դեպի մեծ, բարգավաճ և մարդաշատ մի քաղաք, որը կոչվում էր Գյումնիաս։ Այս քաղաքից երկրի իշխողն ուղեցույց ուղարկեց հելլեններին...":

Տեսարան Կումայրի - Գյումրիից
Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը գրում է. "... Նահանջող զորքի այս ճանապարհը պետք է ենթադրել Արարատյան դաշտից դեպի Շիրակ, իսկ Գյումնիաս քաղաքը, համաձայն Քսենոփոնի ցույց տված տարածության, պետք է լինի հին Կումայրին... Քեսնոփոնի մոտ այս քաղաքի Гоминас անունը պարզապես Կումայրի - Գյումրիի անվան աղավաղությունն է": Նա գտնում է նաև, որ Գյումնիասի ուղիղ ձևը պետք է լինի Գյումրիաս: Բայց դժվար է համաձայնել գիտնականի ենթադրության հետ, որ Գյումնիաս - Գյումրին "կենտրոնն է եղել Շիրակ - Վանանդ - Այրարատում գտնվող կիմմերական սկյութական ցեղերի միության և ծագել է ըստ երևույթին կիմմերների Gimmirrai անունից":
Այն փաստը, որ երկրի իշխողը Գյումնիասից է ուղեկցող ուղարկել հույներին, թույլ է տալիս կարծելու, որ նրա նստավայրն այդ քաղաքում էր: Գյումնիասի նույնացումը Կումայրի - Գյումրիի հետ ցույց է տալիս, որ վերջինիս մ.թ.ա. 5-րդ դարում արդեն մեծ ու բարգավաճ բնակավայր էր:
Մ.թ.ա. 330-ական թթ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ Կումայրին նույնպես ընդգրկվել է հելլենիստական քաղաքակրթության ոլորտ և հոգևոր - մշակութային ու տնտեսական սերտ առնչություններ է ունեցել Մեծ Հայքի մյուս քաղաքների հետ: Երվանդունի վերջին թագավոր Երվանդ 4-րդը մ.թ.ա. III դարի վերջին Երասխի և Ախուրյանի միախառնման տեղում հիմնում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը, որը ևս բանուկ ճանապարհով կապված էր Կումայրիի հետ: Վերջինիս բնակչությունը հոգևոր հաղորդակցություն ուներ նույն թագավորի կողմից Երվանդաշատի մոտ հիմնված պաշտամունքային նոր կենտրոնի` Բագարանի հետ, որտեղ Երվանդ 4-րդն Արմավիրից տեղափոխել էր հայոց հեթանոսական աստվածների հուշարձանները:
Մ.թ.ա. 201 թ. Սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի կողմից Մեծ Հայքի կառավարիչ կարգված Արտաշեսը վերացրեց Երվանդունիների հայոց թագավորությունը: Արտաշեսը նախարարության աստիճանի է բարձրացնում Դիմաքսյաններին, որոնց մի ճյուղն իշխում էր Շիրակում: Գուցե վերջինիս բնակիչները (նաև կումայրեցիները) սատար են կանգնել Արտաշեսին` հետևելով Դիմաքսյաններին: Մ.թ.ա. 189 թ.-ից Կումայրին ընդգրկվել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ: Ստրաբոնի վկայությամբ` Արտաշես I թագավորն արշավել է Վրաստան:Այդ արշավանքն անշուշտ, կատարվել է Արտաշատ - Մարմաշեն - Կումայրի - Վրաստան ճանապարհով, քանի որ նույն այդ ճանապարհով էին սովորաբար հյուսիս արշավող զորքերը Արտաշատից հասնում Վրաստան ու Աբխազիա: Հայտնի է, որ հետագայում` 774 թ. Արտավազդ Մամիկոնյանը ծառանալով արաբ հարկահանների դեմ, Կումայրիից անցավ Վրաստանի Սամցխե գավառը, անշուշտ, նույն այդ ճանապարհով:

Մեծ Հայքը և Վիրքը
Արտաշես I-ից հետո գահակալած նրա որդու` Արտավազդ I-ի օրոք (160 - 115 թթ) ինչպես նաև վերջինիս հաջորդներից` Տիգրան 2-րդի (մ.թ.ա. 95-55 թթ) թագավորության տարիներին` ընդհուպ մինչև մ.թ.ա. 96 թ, Հայաստանը վայելում էր քաղաքական անդորր, տնտեսական ու մշակութային վերելք, ինչը համակել էր անշուշտ, նաև Շիրակն ու նրա բաբախուն կենտրոններից մեկը` հնավանդ արժեքներով հայտնի Կումայրին: Մ.թ.ա. 69 թ գարնանը Հռոմի զորապետ Լուկոլլոսի սանձազերծած հայ - հռոմեական պատերազմի ժամանակ Կումայրին հեռու էր ընկած ռազմաբեմերից, ուստի պետք է ենթադրել, որ գրեթե չի տուժել: Բայց նրա և Շիրակի մյուս բնակավայրերի ռազմիկները չէին կաող զորակից չլինել Հայոց թագավորին` երկրի գլխին կախված ահավոր վտանգի ժամանակ: Հնարավոր է, որ Տիգրան Մեծի օրոք Կումայրիում շարունակել է գործել մետաղաձուլարանը, որտեղ նախկինի պես զենքեր են արտադրվել: Մ.թ.ա. 66 թ Տիգրան Մեծի և հռոմեական զորապետ Պոմպեոսի միջև Արտաշատում կնքված պայմանագրից հետո, վերջինս զորքը շարժեց դեպի Վրաստան (Վիրք)` անշուշտ անցնելով նաև Կումայրիով: 66 թ հայ - հռոմեական պայմանագրի կնքումից հետո ձեռք բերած խաղաղության պայմաններում Կումայրին ևս շարունակել է տնտեսական և մշակութային զարգացումը Տիգրան Մեծի թագավորության վերջնափուլում (մ.թ.ա. 66 - 55 թթ) և նրան հաջորդած որդու` Արտավազդ II-ի օրոք, ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը (մ.թ.ա. 34 թ): Սակայն մ.թ.ա. 36 թ հռոմեական զորքերը Հայաստանով շարժվել են դեպի Պարթևստան, ապա պարտվել և նահանջել են, դարձյալ Հայաստանով: 34 թ. հռոմեական զորքն Անտոնիոսի գլխավորությամբ ներխուժում է Հայաստան: Արտավազդ II-ը դառնում է Անտոնիոսի նենգադրուժ դավի զոհ: Վերջինս Հայաստանի ամրակառույց վայրերում զորքեր է տեղակայում, կամենում ավարառության ենթարկել երկրի հատկապես այն ամրոցները, որտեղ գանձեր էին պահվում: Սակայն, ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը, "գանձերի պահապաններն ուշադրություն չդարձրին նրան և զենք կրողներն էլ Արտավազդի փոխարեն թագավոր ընտրեցին նրա որդիներից ավագագույնին` Արտաշեսին": Չի բացառվում, որ հռոմեացիները փորձել են կողոպտել նաև Կումայրիի անձավներում պահվող գանձերը: Նրանց հաջողվել է Հայաստանից հափշտակել "թագավորության ամբողջ զարդը", գրում է Հովսեպոս Փլավիոսը:

0 коммент.:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.